Այսօր ականատեսն ենք մի իրականության, որ վարչապետի աթոռին կպած «թավշյա հեղափոխականը», իր սև գործն ավարտելուց հետո էլ, չի ուզում հեռանալ պաշտոնից։
Երեկ, այսօր և միշտ անկեղծ եմ եղել ու անկեղծ եմ լինելու իմ խոսքում, որովհետև ներկայանում եմ ոչ միայն որպես լրագրող, այլև Արցախում ապրող քաղաքացի, «վարչապետի» ասած` հպարտ քաղաքացի։ Եթե առիթ լիներ, «վարչապետին» կհարցնեի` Նիկո՛լ, կգա՞ս հիմա Արցախում ապրես, արի՛, որ քեզ էլ ասենք՝ Արցախի հպարտ քաղաքացի։
Ասում են՝ Փաշինյանը շա՜տ փոփոխություններ է արել: Այո, շա՜տ մեծ փոփոխություն է արել։ Օրինակ, մեր հայրենիքի մի մասը զիջելով թշնամուն, փոփոխության է ենթարկել քարտեզն ու մեր հավատը սեփական ուժերի նկատմամբ: Այսպե՞ս է։ Այո, միանշանակ։
Նա վաճառեց ամեն ինչ` հավատ, բանակ, ժառանգություն, մշակույթ, կրթություն և, ամենակարևորը` սուրբ Հայրենիք։ Եթե ոմանց համար Արցախը զուտ տարածք է կամ հողակտոր, ապա անձամբ ինձ ու շատ հայերի համար Հայրենիք է, որը չե՛ն զիջում թշնամուն։ Բայց ինքը դա արեց` ամենախայտառակ ձևով։ Լավ։ Հիմա ի՞նչ խղճով է քնում մի մարդ, ով պատմության մեջ մնալու է որպես Արցախը հանձնած միակ ղեկավար։
Նիկոլը մի հրաշքի է սպասում երևի, հույսն էլ դրել է «ֆեյքերի ֆաբրիկայի» վրա, որ արդեն երկուսուկես տարի «սևերի» ու «սպիտակների» են բաժանել մարդկանց։ Չի հաջողվելու։ «Սպիտակների» թևում ակնհայտ խուճապ ու նահանջի տրամադրություններ են՝ «սպիտակ դրոշ» պարզելու մտադրությամբ։
Իսկ ինչպես էին վերաբերվում Նիկոլ Փաշինյանին Արցախում։
«Արցախի իշխանությունը 13 տարի՝ 2007-ից ի վեր, գրեթե ամենօրյա ռեժիմով ժողովրդին վստահեցրել է, որ ԼՂ հարցում անցյալին վերադարձ չի լինելու ոչ կարգավիճակի, ոչ տարածքային առումով: Ընդ որում, Հայաստանում 2018 թ. իշխանափոխությունից հետո ԱՀ ռազմաքաղաքական էլիտան մշտական հաղորդակցության մեջ է եղել Նիկոլ Փաշինյանի հետ՝ ուղիղ երկու տարի: Դժվա՞ր էր հանդիպումների, քննարկումների ոգուց և ոճից հասկանալ, որ ԶՈՒ գերագույն հրամանատարն ու Ադրբեջանի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ թիվ մեկ բանակցողը դիլետանտ է, պոպուլիստ կամ ծպտված դավաճան: Հնարավո՞ր չէր ընդդիմանալ ՊԲ փորձառու հրամանատար Լևոն Մնացականյանին պաշտոնանկ անելու՝ Փաշինյանի (կամ Աննայի) պահանջին: Ստեփանակերտի ավտոկայանի մոտ ցույց էր անում ընդամենը 50 «խառոշի տղա»: Դժվա՞ր էր խոսել նրանց հետ, բացատրել, որ պատերազմից «հինգ րոպե պակաս» ռեժիմում ապրող երկրի միակ հատուկ ծառայության տնօրենին, մարտական գեներալին, Արցախի ազգային հերոսին պաշտոնանկ չի կարելի անել: Դժվա՞ր էր Անվտանգության խորհրդի քարտուղար, մարտական գեներալ և դարձյալ Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանի և Նիկոլ Փաշինյանի միջև փոխըմբռնում ստեղծել, գոնե՝ տանելի մարդկային հարաբերություններ: Դժվա՞ր էր Մասիս Մայիլյանին հատուկ հանձնարարություններով պետական խորհրդական, ապա և՝ ԱԳ նախարար նշանակելուց առաջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հետ խորհրդակցել: Ի վերջո, դժվա՞ր էր Փաշինյանի իշխանության գալուց հետո փորձել «ճշտել ժամացույցները», և երբ արդեն պարզ էր, որ Արցախն ու Հայաստանը քաղաքական բոլորովին այլ «միջօրեականներում» են, պատվով հրաժարական տալ, հնարավորություն ստեղծելով, որ արցախցին ձևավորի նոր իշխանություն: 2020 թ. տարեմուտի գիշերը նախագահ Բակո Սահակյանն ինձ զրույցի էր հրավիրել: Լրացել էր 60-ամյակս, այդ օրերին նա գործուղման էր եղել: Շնորհավորեց: Մոտ մեկ ժամ կատարյալ անկաշկանդ զրույց ունեցանք: Եվ նա ասաց. «Մեր երկիրը սատանա է մտել»: Պարոն նախագահ, ինչու՞ այդ անհանգստությունը չկիսեցիք ժողովրդի հետ: Ինչու՞ վճռական որոշում չընդունեցիք»,- գրում է հասարակական-քաղաքական գործիչ Վահրամ Աթանեսյանը։
Կարծում եմ՝ այս հարցերը կրկին հնչեցնելու հնարավորություն դեռ կունենանք, երբ պղտոր ջրերը մի քիչ հետ քաշվեն, և Հայաստանի վարչապետի աթոռից կառչած արկածախնդիրը կանգնի դատարանի առաջ։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ